НОВЫЕ СЕРИАЛЫ
Լե Դրիան. «Հայերը ազատ Արցախ չեն ուզում՝ մենք ինչու ուզենք»

Խորհրդարանի ստորին պալատում ֆրանկ արտգործնախարար Լե Դրիանի ելույթը լրիվ չենք մեջբերում: Դա շառաչուն ապտակ է հայ էլիտային եւ միաժամանակ հարց հայ հանրությանը. սա ձե՞ր էլիտան է:
Ասամբլե Նասյոնալի դեկտեմբեր 3-ի որոշումը, այդտեղի պառլամենտական քննարկումները եւ ավելի վաղ Բելգիայի օրենսդիրների բանաձեւը ծայրահեղ պարզություն մտցրեցին Արցախյան հարցի մեջ: Ֆրանկն ու բելժը բաց տեքստով հայերին ազատություն են քարոզում, ռուսը, նույնպես բաց տեքստով, անազատություն: Ճշմարիտ լինելու համար նշենք, որ ռուսն էլ, նախքան հուզիչ «սիրե՛ք զՆիկողոսը ձեր», ճիշտ է անցյալ վաղակատարով, բայց եւս ազատության քարոզ կարդաց մեր գլխին: Հայը անհողդողդ է. չենք ուզում, խազեին, էլի բազա ենք ուզում, որ սպասարկենք ու թավ մտրակ:
Ի պատասխան Արեւմուտքի ուղիղ եւ աներկբա դիմումների՝ մոսկովյան խամաճիկ կառավարությունը եւ Մանուկյանի ըստ սահմանման նույնքան կամ ավելի խամաճիկ ընդդիմությունը հայ ժողովրդի անունից գրում են ինքնասպանի հրաժեշտի երկտող. «Գերադասեցինք մեռնել ստրուկ»: Հայ էլիտան գերադասում է ստանձնել ռուս կամ ցանկացած այլ օտար ստրկատիրոջ կատարածուի դերը եւ կայսերական երեսուն դահեկանի դիմաց քշել հոտի նոր բաժինները դեպի երկդարյա սպանդարանի: Կյանքի թույլ, հազիվ նշմարվող ազդակ եղավ ժամանակին, թերեւս Արթուր Վանեցյանի միտքը Քաշաթաղում եւ Քարվաճառում պաշտպանություն կազմակերպելու եւ կապիտուլյացիան չստորագրելու մասին:
Թե իշխող խմբակը, թե Մանուկյանի «ընդդիմությունը» մտադիր չեն դեպի անկախ Արցախ գեթ մեկ քայլ կատարել: Նման քայլի համար մեկի տրամադրության տակ է մի ամբողջ խորհրդարան, մյուսի՝ ընդարձակ ու բարեկարգ հրապարակներ: Կհնչե՞ն Արցախի անկախության աներկբա կոչերը որեւէ տեղից: Առայժմ կան «միակ ռազմավարական դաշնակցին» սիրելու եւ դրա թելադրած կապիտուլյացիան անվերապահ պաշտպանելու մանտրաները ու մերսիները: Երկրի նախագահին հարցնող չկար, բայց նա էլ շտապեց կապիտուլյացիայի համար ժպտերես մի մերսի ասել: Իր չիմացած կապիտուլյացիայի:
Այս ընթացքում, անակնկալ «պարտությունից» ու դավաճանների դեմ սկզբունքային պայքարի զավեշտական նմանակումից համրացած հանրությունը ի վիճակի չէ նույնիսկ դույզն կողմնորոշվել այսպես կոչված քաղաքական դասի վարքի հանգամանքների մեջ: Մինչդեռ, կողմնորոշվելու առանձնապես բան էլ չկա:
Մնացել է հայ ժողովրդի եւ հայրենիքի մի փոքր բաժին, ու կա դա շտապ «էժանով» տալու խնդիր: Գնորդ կա՝ վաճառող էլ պիտի գտնվի: Քաղաքական բեմի վրա ցատկոտող ապաշնորհ միմոսները այս տենդերի մասնակիցներն են. ով ավելի էժան կծախի հայրենիքը՝ նա էլ կշահի տենդերը, կստանա իշխանության մոսկովյան դոբրոն:
Սա է մեծ ու փոքր հրապարակներում, նաեւ մեդիա ասպարեզում կավեէնական ու սերիալական, հիմքից սիրողական քյանդրբազության ողջ իմաստը: «Կոմիտեական» նաֆթալինից հանած քաղաքական ֆիգուրը, անշուշտ, վառ հուշեր կարթնացնի ավագ սերնդի շրջանում՝ էլ ավելի էժանագին դարձնելով մեծապետական հպատակության զազրելի մրցույթը: Հիշեցնենք՝ 1996-ին, ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի նա արեւմտամետ մարտիկ էր, այնուհետեւ «սերժական» թոշակառու Հանրային խորհրդում:
Տեղի ունեցողը ավելի ընդհանուր պատկերացնելու համար, պետք չէ բարդ աշխարհքաղաքական սխեմաներ գծել: Բոլորվում է հայության սպառման վերջին, ավարտական շրջանը: Այն սկսվեց 200 տարի առաջ ցարիզմի Կովկաս եւ Առաջավոր Ասիա գալով, երբ Իլյիչի բնութագրմամբ, «ժողովուրդների ռուսական բանտում» հարավային գողտրիկ մի խուց կառուցվեց:
Շրջանը ընդհատվեց 1988-ին, կոմունիզմի գնալով: Ընթացքում ռուսների հետ մրցող «հայասիրության» արեւմտյան դրսեւորումներ նույնպես տեսանք, վերջինը 1923-ին Լոզանում: Հիմա, սակայն, նորից ռուսի գալստյան ճիգերի ականատեսն ենք՝ բնականաբար նորից հայի արյան, հայրենի տան կորստյան ու պղծված եկեղեցիների Լավրովյան տեսքով:
Հենց այս ստրկատիրոջն է ընտրել հայ քաղաքական էլիտան: Այո, այդ տգետները մեր վերնախավն են: Անդադար կոտորածներն ու պատերազմները, ավաղ, անխնա տանում են ժողովրդի ծոցում աճած՝ ոգու, մտքի եւ ձեռքի շնորհքի ամենափայլուն մարգարիտներին:
Հայրենիքի ազատության համար 5 հազար զավակների կորստյան, իրականում բազմապատիկ ավելիի պատրաստ հանրությունը իր ասելիքն ունի մոսկովներ վազվզող, երբեմն էլ չհասնող, քաղաքական շուլուխին: Խաղաղ դիմադրության եւ այդ իսկ պատճառով «էլիտայի» համար սարսափելի շատ ձեւեր կան:
Այս պահին, լավագույնը կանչովի թամաշաների հրապարակներն են՝ կապիտուլյացիայի «բարելավման», Ռուսաստանով փրկվելու դեմագոգիայով, երկրորդ պետական լեզվի, ռուսական դպրոցների, կիրիլյան այբուբենի, դեբիլացնող «Վրեմյա» ծրագիր տեսցնելու երդում կերած պարտիականների դրոշակակիր խրոխտ շարասյուներով: Պարզապես դիտենք խեղկատակությունը, գուցե բեսմերտնի պոլկ էլ բերեն: Դիմադրության խաղաղ քայլեր դեռ կլինեն անպայման:
16-17 «կուսակցությունների» թամաշան ազատ Արցախին իրական Հայաստանի «կողմ» քվեարկելը կդառնա: Պարտիաներից մեկը, որ «զրո» համարում ունի, դեռ անտեր էլ դառնալու է լիդերի հեռանալով: Ինքնամերկացման թամաշաները երկդարյա կոտորածների շրջանից դուրս գալու, թերեւս, վերջին հնարավորությունն են: Քվեարկությունը հոգուտ ազատ Արցախի, ազատ Հայաստանի ժակ-Իվ Լե Դրիանին չէ, որ հարկավոր է՝ մեզ է պետք: Ռուսին հորթի երկդարյա նվիրման սնանկությունը ակներեւ է:
Հստակ պիտի արտաբերենք ինքերս մեր ականջին. մենք գերադասում ենք մեռնել ազատ, քան մեռնել ստրուկ:
5 հազարը իրենց ընտրությունը կատարեցին եւ հիմա լուռ մեզ են նայում, քանզի դա հանուն մեզ կատարեցին: Նայենք գծվող նոր սահմաններին. ընտրությունը շատ պարզ է՝ նույնիսկ ստրուկի կյանք մեզ ոչ ոք այլեւս չի խոստանում: Այս պարզ ընտրությունն է, սակայն, կյանքի միակ իրավունք տվողը: Այս ընտրությամբ, ազատ պետությունը ինքը կծնվի: Պարզ մարդիկ, պարզ զրույցներով պարզ հետեւությունների կգան եւ կբարձրացնեն հոյակերտ վեմերը 5 հազարի գցած արնաշաղախ հիմքի վրա: Կամ ուրիշները կբարձրացնեն: