Загрузка...

Կաշառք ստանալու պահին ոստիկանները պաշտոնատար անձանց են բռնել, գումարն առգրավվել է (տեսանյութ)


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության
դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի քաղաքացի տարիքը լրանալու կապակցությամբ թոշակ ձևակերպելու նպատակով այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի տարածքային սոցիալական ապահովության բաժին։ Հաստատության ղեկավար Լևոն Պետրոսյանն ու գլխավոր մասնագետ Աննա Սեդրակյանը ուսումնասիրել են դիմողի փաստաթղթերը և պատճառաբանել, որ նրան չի բավարարում երկու տարվա աշխատանքային ստաժ։ Այս հանգամանքը անտեսելու և թոշակը ձևակերպելու համար դիմողից պահանջել են 100.000 դրամ կաշառք, որն ինքը խոստացել է տալ մեկ ամիս հետո՝ նոյեմբերի սկզբին։

Օպերատիվ տվյալները ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Երևան քաղաքի վարչությունների ու Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ սոցիալական ապահովության Շենգավիթի տարածքային բաժնում բաժնի ղեկավարն ու առաջատար մասնագետը բռնվել են պահանջված կաշառքը ստանալու պահին և բերման ենթարկվել։ 

Կաշառքի առարկա գումարը առգրավվել է։ Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ 
Կատարվածի հանգամանքները պարզվում են։


Загрузка...