Загрузка...

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը չի լինելու ՔՊ-ի ցուցակում. Ալեն Սիմոնյան



Անցումային խորհրդարան չի լինելու, որեւէ նման տրամադրվածություն կամ քաղաքական պլան չկա գծված: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում չեն լինելու այն մարդիկ, որոնք անհանգստացնում են հանրությանն ու սոցցանցերի օգտատերերին. «ՀՀԿ-ից լինելու է 2-3 մարդ, որոնք ներկայացնում են համայնք, չեն հանդիսանում ՀՀԿ անդամներ: Որեւէ օդիոզ դեմք, որեւէ գործարար, որեւէ մարդ, որ տանիք է փնտրել, չի լինելու եւ չկա մեր ցուցակում: Այն բաղկացած է հանրությանը հայտնի մարդկանցով, մեր քաղաքական թիմով, ով ձեզ հետ միասին փողոցներ է փակել, այս տարիների ընթացքում աչքի է ընկել եւ իր ակտիվությամբ, հանրությանը հուզող հարցեր է բարձրացրել»,-հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Դիտարկմանը, որ արդեն կան մտահոգություններ, խմորումներ կան, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակի անդամները ռեյտինգայինով իրար դեմ եմ մրցելու, նա արձագանքեց. «Որեւէ մտահոգություն չունեմ, խմորումներ չկան, որովհետեւ նախ՝ ցուցակը վերջնական տեսքի բերված չէ, երկրորդ, մենք մի անգամ արդեն մասնակցել ենք ընտրությունների ռեյտինգային համակարգով, երրորդ ուժն ենք դարձել ՀՀ-ում»:
Նա հերքեց տեղեկությունները, թե իրենց ցուցակում կարող է լինել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Ալեն Սիմոնյանը նաեւ ընդգծեց, որ նոր ձեւավորվող ԱԺ-ն անցումային խորհրդարան չի լինելու, որեւէ նման տրամադրվածություն կամ քաղաքական պլան չկա գծված. «Լինելու է շատ լավ խորհրդարան, որն արտացոլելու է այսօրվա իրողությունները»:
ԵԼՔ-ի պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը ինչպես նախորդ անգամ, այս անգամ եւս առաջադրվելու է Կենտրոն վարչական շրջանի տարածքում ռեյտինգային ընտրակարգով. «Ես կարծում եմ, որ ենթադրենք Արաբկիրում առաջադրված իմ ընկերը նույնպես մրցելու է իր ձայների համար: Ունենալու ենք պատկեր, որ Արաբկիրում առաջադրված իմ գործընկերը հավաքելու է X ձայներ, ես՝ Y ձայներ: Դա արտացոլելու է իմ եւ նրա քաղաքական գործունեության արդյունքը: Նաեւ բնական է, որ գոյություն ունի ժողովրդի կողմից ընդունված քաղաքական առաջնորդ, որը չի մասնակցելու ռեյտինգային համակարգով եւ առաջնորդելու է ցուցակը»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Загрузка...